Վրացական լրատվամիջոցները մանրամասներ են հաղորդում ՆԳՆ-ի սահմանադրական անվտանգության եւ հատուկ օպերատիվ բաժնի աշխատակիցների ձերբակալության մասին: Այս պահին հայտնի է, որ ձերբակալվել են ս/թ. հուլիսին սահմանադրական անվտանգության եւ հատուկ օպերատիվ բաժնի ղեկավար նշանակված  Լեւան Քարդավան  եւ Գեորգի Քավելաշվիլին, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Ըստ փաստաբանների՝ խոսքը ՔՕ մի քանի հոդվածների մասին է, այդ թվում՝ 333-րդի՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցում, եւ 143-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ապօրինի ազատազրկում:  Դատախազությունը քննություն է վարում մաքսային տերմինալում ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից նախկինում ստեղծված  «Քարթու Գրուպ»-ի բեռը վնասելու փաստով:  Նաեւ, նախնական տվյալներով, քննություն է տարվում Իվանիշվիլիի թիկնապահ Բեսիկ Սուրմավայի առեւանգման եւ ապօրինի ազատազրկման գործով:

«Գռուզիա Օնլայն»-ը տեղեկացնում է, որ ՆԳՆ-ի աշխատակիցների հարցաքննությունն սկսվել է նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին եւ ավարտվել նոյեմբերի 15-ի առավոտյան: Դատախազությունն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի տալիս:

Ձերբակալվածները գտնվում են նախնական ձերբակալության մեկուսարանում:

Իվանիշվիլիի թիկնապահ Բեսիկ Սուրմավան անհետացել էր հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, հետո հեռուստաալիքներով նրա ուղերձն էին տարածել, որում հայտնում էր Իվանիշվիլիի հետ հարաբերությունները խզելու մասին եւ ընդդիմության առաջնորդների հեռախոսազրույցների ձայնագրությունն  առաջարկում հեռուստաալիքներին: Ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Սուրմավան վստահեցնում էր, որ իրեն առեւանգել են եւ ստիպել հանդես գալ հեռուստակոչով: