Ավարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստը, որը նվիրված էր Գազայի հատվածի իրադրությանը: Ինչպես հայտնում է BBC-ն, այն ոչինչ չի տվել:
Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը, արաբական պետությունների դեսպանների հետ միասին, ԱԽ-ին խնդրել է քննարկել իսրայելական օդային հարվածները: Սակայն ԱԽ անդամները համաձայնել են միայն նիստի կայացման կոմյունիկե ընդունել:
Միաժամանակ, ԱԽ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ Հարդիփ Սինգհ Փուրին հայտարարել է, որ բռնությունն անհապաղ պետք է դադարեցվի: ԱՄՆ-ն, որն ավանդաբար արգելափակում է ԱԽ-ի Իսրայելին վնասող ցանկացած որոշում, պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի հրթիռային հարվածների դեմ նրա ինքնապաշտպանության իրավունքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին հրաձգության ընթացքում սպանվել էր «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թեւի առաջնորդ Ահմեդ Ջաբարին: Իսրայելը հայտարարել էր, որ դա Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դեմ ռազմական գործողության միայն սկիզբն էր:




























