Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել արցախցի խորհրդարանականների հանդիպումը ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը ներկա են եղել նաև ԼՂՀ կառավարության անդամներ, գերագույն դատարանի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, պետական և հանրային կառավարման այլ կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ։
«Բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երկրի իշխանությունների և, մասնավորապես, ԼՂՀ Ազգային ժողովի անունից ջերմորեն ողջունեց պարոն Խորխե Օռիկոյին և նրա գործընկերներին՝ պատգամավորներ Ռուբեն Մարտինես Ուելմոյին, Դանիել Ռադիոյին, Ռիկարդո Պլանշոնին, Ռիչարդ Սանդերսին և նրանց ուղեկցող անձանց։ Խորհրդարանի նախագահն այդ համատեքստում շեշտեց նաև, որ Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը 1965 թվականին պետականորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այսպիսով՝ փաստորեն սկիզբ դնելով 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված և իրագործված այդ մեծագույն ոճրագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին։
Միևնույն ժամանակ, նշեց նա, Ուրուգվայի Հանրապետությունն աշխարհի առաջին երկրներից մեկն էր, որ 1992 թվականի մայիսի 27-ին ճանաչեց և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ, ասել է թե՝ հայ ժողովրդի մայիսյան հոբելյանների շքահանդեսում այս տարի նշվեց ևս մեկ ուշագրավ ու կարևոր հոբելյան՝ Ուրուգվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։
Եվ վերջապես, Ուրուգվայն աշխարհի այն երկրներից մեկն է, որ ըմբռնումով և համակրանքով է ընկալել արցախահայության ազգային ազատագրության ձգտումները, իր կյանքն ինքուրույն տնօրինելու կամքը, այդ ուղղությամբ գործադրած հսկայական ու անձնուրաց ջանքերը և դրանց արդյունքում՝ անկախ պետականության կառուցման ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները: Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ՝ այդ ջերմ և բարեկամական վերաբերմունքի վկայությունն է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության այցն Արցախ և այդ հանդիպումը:
Հանդիպմանը պատասխան ելույթով հանդես եկավ նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը, նշելով, որ անձամբ իր և իր գործընկերների համար շատ հաճելի է գտնվել Լեռնային Ղարաբաղում ու նրա խորհրդարանում և որ թե իրենց այցը և թե այդ ջերմ ընդունելությունը պարտավորեցնող են։ Պարոն Խորխո Օռիկոն հանգամանալի ներկայացրեց իր երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, բնակչության թվական ու ազգային կազմը։ Ի մասնավորի անդրադառնալով երկրի հայկական համայնքին, նա հայտնեց, որ հայերն սկսել են Ուրուգվայ գաղթել անցյալ դարի սկզբներին՝ 1915 թվականից ի վեր, Հայոց ցեղասպանության արդյունքում։ Նրա հաղորդմամբ՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունն աշխարհի այն տասնմեկ երկրներից մեկն էր, որը 1920թ.կողմ է քվեարկել Հայաստանի ընդունմանն Ազգերի լիգա։ Սա մի փաստ է, ասաց նա, որը, որպես հայերի նկատմամբ վերաբերմունք, եկել է մեր նախնիներից ու որպես պատգամ փոխանցվել մեզ։
Խոսքի ավարտին վերստին շնորհակալություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում գտնվելու համար՝ այն համարելով մեծ պատիվ ու հարգանք ու նշելով, որ ժամանել են զուտ խաղաղության առաքելությամբ, ուրուգվայցի բարձրաստիճան խորհրդարանականն ընդգծեց. «Եթե մեր կարիքն ունենաք, ապա մենք պատրաստ ենք աջակից լինել ձեզ»։
ԼՂՀ Ազգային ժողովում կայացած հանդիպումից հետո Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց՝ մասնակցելով «Նուռ» ծրագրի ներկայացմանը, իսկ օրվա երկրորդ կեսին ճանաչողական շրջագայության մեկնեց դեպի Գանձասարի վանք։ Նույն օրվա երեկոյան նախատեսված է պատվիրակության հանդիպումը ԼՂՀ փախստականների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:





























