Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվում է: Իսրայելական հեռուստաալիքների հաղորդմամբ՝ Գազայի հատվածից արձակված հրթիռը դիպել է Քիրյաթ-Մաղաքիա քաղաքի բազմաբնակարան շենքին, երեք մարդ զոհվել են: Գրոհը իսրայելցի զինվորականների կողմից «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թեւի առաջնորդ Ահմեդ Ջաբարիի սպանության պատասխանն է եղել:

Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ հրթիռների մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» համակարգը, սակայն  20 հրթիռներ պայթել են քաղաքներում եւ բաց տեղանքում: Հաղորդվում է, որ «ՑԱԽԱԼ»-ի տանկային ստորաբաժանումները Գազայի հատվածի կենտրոնական մասում գրոհել են պաղեստինցիների դիրքերը:  Միաժամանակ, հարձակման են ենթարկվել Ռաֆիահի եւ Ջեբալիայի պաղեստինյան կայանները: Գործողությանը տանկային ստորաբաժանումների ներգրավումը  վկայում է դրա հնարավոր ծավալման մասին, գրում է «Ռոսբալտը»:

 Պաղեստինցի բժիշկները եւ իսրայելցի զինվորականները հայտնում են, որ իսրայելական զորքերը նոյեմբերի 15-ին հարյուրին մոտ թիրախների են հարձակման ենթարկել՝ ոչնչացնելով երեք գրոհայինի եւ պաղեստինցի զոհերի թիվը 11-ի հասցնելով, գրում է «Մոսկովսկի կկոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 15-ին, Գազայի հատվածի իրադրությանը նվիրված արտակարգ նիստ էր հրավիրել:

Նոյեմբերի 14-ին իսրայելական բանակը պաշտոնապես ընդունել էր, որ մասնակցել է «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թեւի առաջնորդ Ահմեդ Ջաբարիի սպանությանը եւ հայտարարել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին:

Այսօր լրատվամիջոցները Ահմեդ ալ Ջաբարիի սպանության տեսագրություն էին տարածել: