Քաղաքական դաշտի ներկայացուցիչները կոնսուլտացիաների փուլում են գտնվում եւ այդ ամենը մտնում է նախընտրական իրավիճակի տրամաբանության մեջ: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ներքաղաքական իրավիճակը նորմալ գնահատեց` պատճառաբանելով, որ կատարվում է այն, ինչ-որ պետք է կատարվեր: «Կոնսուլտացիաները շատ նորմալ եմ գնահատում եւ «Ժառանգությունը» բաց է բոլոր քաղաքական ուժերի համար լինի իշխանությունից, թե ընդդիմությունից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ «Ժառանգությունը» դեռ վաղուց էր առաջարկել անցնել խորհրդարանական կառավարման համակարգին եւ հարյուր տոկոսանոց համամասնականին անցնելու առաջարկը ներկայացրել:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, Մարտիրոսյանն ասաց, որ նա արտահայտել է միտք, որը իր համար ընդունելի չէ: «Խորհրդարանական կառավարման համակարգը ի սկզբանե հակակշիռների վրա ստեղծված համակարգ է»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն, իր կարծիքով, ոչ սխալ քայլ է կատարել: