Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը խորապես մտահոգիչ է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչսը:
Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ իր երկիրը սեպտեմբերի սկզբին Վիլնյուսում Բալթիական եւ Սկանդինավյան երկրների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում այդ հարցով հայտարարությամբ էր հանդես եկել:
«Լատվիան, ինչպես եւ ԵՄ ներկայացուցիչները, խորապես մտահոգված են այդ հարցով: Մենք վստահ ենք, որ առկա փխրուն իրավիճակում նման քայլերը չեն նպաստում երկխոսությանը: Մենք բոլորս շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին», - ընդգծել է Լատվիայի ԱԳ նախարարը:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:
Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:
Սաֆարովի գործի վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան մարմիններին, այս դեպքում՝ արդարադատության նախարարությանը, կարգադրել էր անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել միջազգային դատական ատյաններ դիմելու համար:
Հայաստան էր այցելել հունգարական մտավորականության ներկայացուցչական խումբ, որպեսզի անձամբ հայտարարեր՝ «մենք ամաչում ենք Հունգարիայի իշխանությունների արարքներից»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























