2013թ. նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին Երեւանում լատվիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի արդյունքները՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ այդ երկիր Սերժ Սարգսյանի թվով չորրորդ այցը հագեցած է եղել, արդյունավետ եւ ինչպես միշտ անցել է ջերմ մթնոլորտում: Հանդիպումներ են կայացել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետի, Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների հետ, կայացել է խորհրդարանական բարեկամության խմբերի  հանդիպումը:

Բացի այդ, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիոն, որտեղ հանդիպել է հայ համայնքի, Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների եւ գործարարների հետ:  Այս կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Ֆրանսիան տնտեսական համագործակցության ծավալներով Հայաստանի երկրորդ գործընկերն է, ֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություններ են գործում: Նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է ապակենտրոնացված համագործակցության հարցում: «Ընդհանուր առմամբ,  այցն ընդգծել է բարձրագույն մակարդակում գտնվող համագործակցությունը շարունակելու փոխադարձ ձգտումը», - նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի ղեկավարի նախատեսված այցը լրացուցիչ խթան կդառնա հարաբերությունների զարգացման համար: