Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին նոյեմբեի 15-ին Երեւանում Հայաստանի արտգործնախախար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ ասուլիսին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է հարգել ԵԱՀԿ եւ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները։ Նրա խոսքով կարգարվորման գործընթացի զգալի առաջընթացի բացակայության առումով որոշակի հիասթափություն կա, սակայն անհրաժեշտ է հուսալ, որ հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կմնա։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Լատվիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Էդգարս Ռինկեւիչսը հիշեցրել է, որ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, գոյություն ունեն Հելսինկյան ակտի սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման կամ կիրառման վտանգի մասին։ Լատվիան մտադիր չէ ներքաշվել այդ գործընթացի մեջ, հայտարարել է նախարարը՝ ավելացնելով, որ ԼՂՀ անկախության մասին խոսելու ժամանակը չէ։ «Այժմ պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա», - հավելել է Էդգարս Ռինկեւիչսը։