Ինտերնետի եւ ձայնային հաղորդակցության ոլորտի լիցենզիաները չեղյալ կհամարվեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հյետ հանդիպման ժամանակ ասաց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը: Կենտրոնի առաջարկով ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ին հավանություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որով վերացվում կամ պարզեցվում են բիզնես վարելու թույլտվության ընթացակարգերը: Այլ կերպ՝ ՀՀ կառավարությունը գործնականում սկսում է կիրառել «կարգավորիչ գիլյոտին», ինչի հետեւանքով բիզնես վարելուն խոչընդոտող բազմաթիվ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտեր չեղյալ կհամարվեն;

Մասնավորապես՝ կառավարությունն այսօր հավանություն տվեց էլեկտրոնային հաղորդակցության եւ էներգետիկայի ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծերին:

Ըստ Ա. Եղիազարյանի՝ ձայնային ծառայությունների եւ ինտերնետ ծառայությունների մատուցման համար բավարար կլինի ծանուցումը, այնինչ ներկայում դրանց համարչ պահանջվում է պարզ լիցենզիա: Երկու տարի անց կվերացվի նաեւ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծման լիցենզիան: Ըստ էության՝ սա ճանապարհ է բացում Հայաստանի բջջային շուկայում նոր օպերատորների հայտնվելուն: Սակայն Ա. Եղիազարյանն ասաց, որ դրա համար անհրաժեշտ է նաեւ հաղթել հաճախականությունների ստացման մրցույթում, ինչը գրեթե բացառում է խոշոր օպերատորների մուտքը՝ հանրապետական մասշտաբով ազատ հաճախականոթյուններ չկան:

Ինչ վերաբերում է էներգետիկային՝ ապա այստեղ հէկ կառուցելու եւ շահագործելու լիցենզիաները կմիացվեն, սակայն ջրօգտագործման թույլտվությունները պահպանվում են:

Առաջիկայում գիլյոտինի քաղաքականությունը կտեղափոխվի այլ ոլորտներ: Մասնավորապես՝ արդեն առաջարկ է արվել՝ հանել քաղաքային երթուղային տաքսիների լիցենզիան: