Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կուսումնասիրի Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորման հետ կապված վիճակը:
«Իմ երկրում՝ Գերմանիայում, նախկին նախարարների չեն կալանավորում: Իմ օգնականները կուսումնասիրեն այդ գործընթացները եւ զեկույց կներկայացնեն ինձ, որից հետո ես կարող եմ գնահատել իրավիճակը»,-լրագրողներին հայտարարել է Շուլցը՝ Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Շուլցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ բարի կամք է դրսեւորել նոր վարչապետի թիմին հանձնելով արդարադատության, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ Գլխավոր դատախազությունը, քանի որ պարտավորված չէր դա անել, հաղորդում է «Ինտերպրես Նյուզ» գործակալությունը:
«Ես, որպես նախագահ, հույս ունեմ, որ երկրում կհարգվի օրենքի գերիշխանությունը: Ես պարտավորված չէի դատախազությունը հանձնել նոր կառավարությանը, նաեւ իրավունք ունեի իմ իրավասության ներքո թողնել արդարադատության, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները, սակայն ես դրանք նրանց տվեցի»,-հայտարարել է Սահակաշվիլին:
Ավելի վաղ Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորման փաստի առնչությամբ անհանգստություն էր հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, սակայն ավելի ուշ նա մերժել էր վարչապետ Իվանիշվիլիի՝ վրացական բանակում իրավիճակի հետաքննման նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկը, հայտարարելով, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Ինքը՝ Իվանիշվիլին մեղադրել էր Սահակաշվիլիին այն բանում, որ նա Վրաստանի մասին ստեր է տարածում եւ խոստացել էր վերջ տալ այդ ամենին:
Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության է եկել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը, իսկ նախկին իշխող կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը» ընդդիմություն է դարձել:




























