ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեւիդ Պետրեուսի շուրջ տեղի ունեցած սկանդալի նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հայտնի է դարձել հետաքննությունը նախաձեռնող գործակալի անունը: Նա 47-ամյա հատուկ գործակալ Ֆրեդերիկ Համֆրին է: Հետաքրքական է նաեւ այն, որ հենց նա է եղել այն տղամարդը, ով ուղարկել է սկանդալի գործով անցնող Ջիլլի Քելլիի կամ նրա ընկերուհու կիսամերկ լուսանկարները:
The New York Times-ի եւ CBS News-ի փոխանցմամբ, երկար տարիներ Համֆրին զբաղվել է ահաբեկչության հետ կապված աղմկահարույց գործերի հետաքննությամբ: 2010 թվականին գործակալ Համֆրին գնդակահարել է մի տղամարդու, ով Ֆլորիդայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի Մաքդիլի ռազմակայանում դանակով սպառնացել է իրեն եւ անվտանգության այլ սպաների: Պարզվել է, որ սպանվածը 61-ամյա նախկին զինծառայող Ռոնալդ Բալոքն է: Հետաքննության արդյունքում Համֆրին արդարացվել է, հաղորդում է NEWSru.com-ը:
Ինչ վերաբերում է Պետրեուսի հետ կապված սկանդալին, ապա Համֆրին դրա մեջ ներքաշվել է այդ գործով անցնող Ջիլլի Քելլի հետ ծանոթ լինելու շնորհիվ: Մինչեւ վերջերս նա նույնպես աշխատել է Մաքդիլի ռազմակայանում: Սպառնալիքներով նամակներ ստանալով, Քելլին խորհրդի համար դիմել է Համֆրիին, իսկ վերջինս էլ գործը հանձնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին:
Երբ Պետրեուսի արտամուսնական կապը բացահայտվել է, նա հրաժարական է տվել: Միաժամանակ լրագրողները կասկածում են, որ ՀԴԲ-ի գործակալը պատահական չի հետաքրքրվել Պետրեուսի գործով: Նրանց կարծիքով, Համֆրիին եւ Քելլիին կապում է ավելին, քան սովորական ընկերությունն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կինը Պետրեուսին բողոքել էր, որ իր ընկերուհին ԿՀՎ-ի ինչ-որ գործակալից կիսամերկ նկարներ է ստանում: Ընդ որում, նոր տվյալներով, լուսանկարներն ուղարկվել են հենց Ջիլլի Քելլիին: Բացի այդ, պարզվել է, որ այդ լուսնակրաներում պատկերվածը Ֆրեդերիկ Համֆրին է: Ինքը՝ Քելլին ստիպված է եղել դիմել ոստիկանություն:





























