Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ Հայաստանում առկա եւ հայոց պետականության գոյությանն սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ կառավարման համակարգային ճգնաժամը լուծելու համար նախաձեռնել են Նախախորհրդարան: Նախաձեռնությանը միացել են 29 մտավորականներ, որոնցից 4-ը` «Սարդարապատ» շարժման անդամներ են:

«Փաստելով, որ օրեցօր խորացող այդ ճգնաժամը մասնավորապես արտահայտվում է.

ա. հասարակությանը` իշխող վերնախավի կողմից իրեն հատուկ քրեաօլիգարխիկ արժեհամակարգի  պարտադրմամբ,

բ. կենսունակ հասարակական կյանքի հետ անհամատեղելի, հանրային համերաշխությունը կտրուկ թուլացնող սոցիալական բեւեռացմամբ,

գ. դատաիրավական համակարգի՝ քաղաքական իշխանության կամակատարի դերի ստանձմամբ,  

դ. բնական ռեսուրսների գիշատչական շահագործմամբ, բնական համակարգերի եւ կենսաբազմազանու-թյան  ոչնչացմամբ,

ե. մշակութային ժառանգության փոշիացմամբ,

զ. օտար ուժերից օրեցօր ավելացող կախյալությամբ,

գիտակցելով, որ նշված համակարգային ճգնաժամը հանգեցնում է ապագայի նկատմամբ համատարած հուսահատության, որի հետեւանքով սպառնալի չափերի հասնող արտագաղթը ռեալ վտանգ է առաջացնում ոչ միայն պետականության, այլեւ հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար,  գտնելով, որ համակարգային ճգնաժամից կարելի է դուրս գալ միայն առկա քաղաքական եւ կառավարման համակարգերի արմատական վերաիմաստավորման եւ վերափոխման պարագայում, համոզված լինելով, որ նման իրավիճակում անթույլատրելի է հասարակության առավել կենսունակ եւ կարող ուժերը ներկայացնող դիմադրական քաղաքացիական շարժումների համախմբման ուշացումը, հիմք ընդունելով մարդկային եւ ազգային արժանապատվությանը, ազատությանն ու արդարությանը տեր կանգնելու բնական իրավունքը եւ նրա իրացմանն ուղղված քայլերի օրինականությունը, իշխանությունը ժողովրդին պատկանելու՝ համընդհանուր ճանաչում ստացած եւ սահմանադրորեն ամրագրված իրավական պահանջը, կարեւորելով  հայ ժողովրդի պատմական ընթացքի ճակատագրական պահերին նրան զորաշարժի վիճակի բերելու գործում առաջամարտիկ կամավորության վճռորոշ դերը, հանձն ենք առնում նախաձեռնել Ազգային նպատակների եւ խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց: Այս նոր քաղաքական գործընթացի նախաձեռնող խումբը, որպես Հայաստանի մտահոգ քաղաքացիների ազատ, բաց եւ ընկերային ժողով, իրեն հռչակում է Նախախորհրդարան»,- այսօր` նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Նախախորհրդարանի անդամ, թարգմանիչ-խմբագիր Սյուզան Սիմոնյանն իր հերթին նշեց, թե նախաձեռնության մեջ չկա առաջնորդ, աշխատանքը լինելու է թիմային: «Այս գործընթացն արժեւորում է մի քանի տեսանկյունից: Կարեւոր է քաղաքական դիրքորոշում ունեցող մտավորականության մասնակցությունը մեկնարկային գործընթացին, նաեւ կարեւոր է, որ սփյուռքից եւս մասնակցողներ լինեն»,- նշեց նա:

Նոր նախաձեռնության անդամները 29-ն են: Բացի Գարեգին Չուգասզյանից եւ Սյուզան Սիմոնյանից, նախաձեռնությանը մասնակցում են նաեւ բնապահպաններ Եղիա Ներսիսյանն ու Ապրես Զոհրաբյանը, նկարիչ Էմիլ Աբրահամյանը, բանաստեղծ Գեւորգ Գիլանցը, բժիշկ Լեւոն Դռնոյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ այլք, թվով 29 հոգի:

Իսկ նախաձեռնության հաջողությանը չեն կասկածում: Բնապահպան Եղիա Ներսիսյանը հիշեցրեց Մաշտոցի պողոտայի պայքարը, որին սկզբում թերահավատությամբ էին վերաբերվում, սակայն ի վերջո հաջողեց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am