Հայաստանում հատուկ են մեծացնում հանրապետական իշխանություններից տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կախվածությունը: Նոյեմբերի 15-ի մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ բոլոր ուղղակի հարկերը, այդ թվում նաեւ եկամտահարկն ու շահութահարկը,  պետք է հաշվառվեն ՏԻՄ-ի, այլ ոչ թե կենտրոնական բյուջեում: Միայն այդ դեպքում համայնքները կարող են ինքնաֆինանսավորվել: «Աշխարհում չկան օրինակներ, որ համայնքները գոյատեւեն բացառապես գույքահարկով եւ հողահարկով: Գրեթե ամենուր նրանք այլ հարկեր գանձելու իրավունք ունեն», – հավելել է Բագրատյանը:

Ըստ ընդդիմադրի՝ Հայաստանում դա չի արվում այն նպատակով, որ ՏԻՄ-երը մշտապես նայեն Երեւանի ձեռքին: «Հենց այդ պատճառով էլ ընտրվել է պետբյուջեից  ֆինանսավորվելու այդ մեխանիզմը: Հակառակ դեպքում էլ ինչ իմաստ ունի Գյումրիում եկամտահարկ ստանալ, այն բերել Երեւան, իսկ հետո նորից վերադարձնել Գյումրի: Համայնքներին մշտապես հիշեցնում են, որ նրանց կերակրում են, որպեսզի նրանք հանկարծ դա չմոռանան», – ավելացրել է Բագրատյանը: Ըստ նախկին վարչապետի՝  հենց այդ պատճառով էլ, եթե նույնիսկ ինչ-որ քաղաքի քաղաքապետ է ընտրվում ընդդիմադիրը, կենտրոնի ցուցումները նա չի կարող չկատարել,  հակառակ դեպքում նրան կզրկեն ֆինանսավորումից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի  / NEWS.am