Հայաստանի բնակչության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նրանք բժշկի դիմելու եւ համապատասխան խորհուրդներ ստանալու փոխարեն նախընտրում են ինքնաբուժմամբ զբաղվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարարության հետական հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի ավագ մասնագետ Լիանա Թորոսյանը:
«Գրիպի եւ մրսածության պատճառը վիրուսն է: Վիրուսները տոքսիններ են ստեղծում, որոնք կարող են օրգանիզմից հեռացվել միայն անսահմանափակ քանակով հեղուկ ընդունելով, եթե, իհարկե, մարդը չունի խրոնիկ հիվանդություններ: Հեղուկը մաքրում է մեր օրգանիզմը»,-ասաց Թորոսյանը:
Նա ընդգծեց, որ տարբեր հակաբորբոքայինները ոչ մի դեպքում չեն օգնում օրգանիզմից վիրուսի հեռացմանը, դրանք ընդամենը վերացնում են հետեւանքները, չհաշված այն վնասը, որ հասցնում են հենց հակաբորբոքայինները՝ մարդու օրգանիզմից վերացնելով վերջին օգտակար բակտերիաները:
«Շատ կարեւոր է առողջ կենսակերպ վարելը՝ քայլել մաքուր օդին, օգտագործել հարուստ վիտամինային սնունդ»,-նշեց համաճարակաբանը, հավելելով, որ իմաստ չունի փողոցում դիմակ կրելը, որովհետեւ հենց օդը նպաստում է վիրուսների վերացմանը:




























