2-3 տարուց կառավարությունը, այսպես թե այնպես, կվերափոխի Համահայկական բանկը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ի մամուլի ասուլիսում նշել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով իր կողմից մշակվող «Ներդրումային «Հայաստան» հիմնադրամ ստեղծելու եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու Համահայկական բանկը վերացնելու մասին» օրինագիծը: Ըստ նրա՝ ներդրումային բանկը պետք է տարբերել հիմնադրամից՝ այստեղ շեշտը պետք է դնել զարգացման ծրագրերի, այլ ոչ թե ներդրողների եկամուտների վրա:
«Ներդրումային հիմնադրամում դեպոզիտների եկամտայնությունն արձանագրված չէ, ի տարբերություն բանկի: Իսկ Կառավարությունը թող ուշադրություն դարձնի այն բանին, թե ինչպես ստեղծել Համահայկական ներդրումային հիմնադրամ: Հենց հիմնադրամ, այլ ոչ թե բանկ: Մենք արտասահմանից տարեկան միլիոնների փոխանցումներ ենք ստանում: Թող դրա փոխարեն գնեն նման հիմնադրամի բաժնետոմսեր եւ ուղարկեն Հայաստանում բնակվող բարեկամներին: Սակայն նման սխեմաներ չեն մշակվում, իշխող կոալիցիայում մեծամասնությունն զբաղված է պոպուլիզմով՝ չնայած որ դրանում մեղադրում են ընդդիմությանը: Սակայն կտեսնեք. Այդպես շարունակվել չի կարող: Կառավարությունը կտեսնի, որ Համահայկական բանկն օգուտ չի տալիս, եւ 2-3 տարի անց այն իմ ասածի նման կվերափոխի, չնայած որ իմ անունը, բնականաբար, չեն նշի», – հավելել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























