Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիլկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստի ընթացքում այսօր՝ նոյեմբերի 15-ին, սահմանված կարգով հրապարակեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի դեմ քաղաքացի, ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի ուղղված դիմումի վերաբերյալ որոշումը:
«Դիմողի կամքին հակառակ թղթե պաստառը փախցնելը տվյալ իրավիճակում իրավաչափ քայլ չի եղել, պատգամավորը չի հարգել դիմողի՝ սեփական կարծիքն արտահայտելու մարդու Սահմանադրական իրավունքը եւ թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնների խախտում: Կանոնակարգի 24 հոդվածով ղեկավարվելով՝ հանձնաժողովը որոշել է՝ թիվ 7 ընտրատարածքից ընտրված պատգամավորը խախտել է օրենքը»,- ասաց Ն. Փաշինյանը։
Հիշեցնենք, որ որոշումը էթիկայի հանձնաժողովն ընդունել էր դեռեւս հոկտեմբերի 31-ին, սակայն խորհրդարանի Կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ ընթերցվում է ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցից) ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների:Գասպարրի ձեռքին եղել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը:Ի պատասխան Վարդգես Գասպարին սկսել է բացականչել. «Ալեքսանյան խուլիգան»: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել:Վարդգես Գասպարին նույն պահին ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն։ Պարզվել է, որ հրողը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի թիկնապահն է:




























