Հայաստանի բժշկական հաստատություններում գրիպի կանխարգելման նպատակով, ցանկության դեպքում, անվճար պատվաստումներ են կատարվում, որոնք նախատեսված են պետպատվերի շրջանակներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի ավագ մասնագետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը նշել է բնակչության հիմնական խոցելի խավերը. Նրանք պոլիկլինիկաների բժիշկներն են, մանկատների երեխաները, ծերանոցներում ապրող մարդիկ: «Թեեւ այդ ամենին, յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է անվճար պատվաստվել իրենց պոլիկլինիկայում»,-վստահեցրեց Թորոսյանը, հավելելով, որ Հայաստանում նախապատվությունը տրվում է ոչ թե ռուսական, այլ եվրոպական պատվաստանյութերին, որոնք անհամեմատ որակյալ են:

Հրապարակվել են հատուկ գրքույկներ, որոնք ներառում են նվազագույն տեղեկություններ գրիպի եւ կանխարգելիչ միջոցների անհրաժեշտության մասին:

«Եթե տանը գրիպով հիվանդ մարդ կա, պետք է մեկուսացնել նրան եւ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ նրա խնամքով զբաղվի հղի կինը, երեխան կամ մեծահասակը, քանի որ նրանք առավել խոցելի խմբերն են»,-ամփոփեց համաճարակաբանը: