«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 15-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407,70 դրամ: Երեկվա համեմատ դոլարը մի փոքր թանկացել է՝ 0,07%-ով կամ 0.5 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 3.05 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի էական փոփոխություններ չկան՝ դոլարը գնվում եւ վաճառվում է 405-408.5 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն փոքր ինչ ամրապնդվել է դոլարի նկատմամբ՝ եվրոյի գոտու երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումից հետո: Մասնավորապես՝ եվրոյի գոտու ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում նվազել է 0.1%-ով՝ սպասվելիք 0.2%-ի համեմատ: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1,2756 դոլար:
Դոլարը թուլացել է նաեւ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Ռուսաստանի Կենտրոնական բանկը այսօր փոքր-ինչ բարձրացրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,6919 ռուբլի:




























