Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մենք կարծում ենք, որ միայն քաղաքական միջոցներով կարելի է լուծել այդ լուրջ խնդիրը: Ոչ մի զինված գործողություններ չեն հանգեցնի այդ հիմնախնդրի լուծմանը»,-ասել է Բորդյուժան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման հարցում ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքական պոտենցիալին, նա ընդգծել է, որ այն բավական մեծ է»: «Դա Ռուսաստանի նախագահի հեղինակությունն է, Ղազախստանի նախագահի, այլ ղեկավարների հեղինակությունը: Ստեղծված իրավիճակի վրա քաղաքական ազդեցության բոլոր միջոցներն օգտագործվում են»ասել է Բորդյուժան:

Երկրորդ, ըստ նրա, գոյություն ունի ԼՂ խնդրի կարգավորման միջազգային մեխանիզմը. «ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները»: Միաժամանակ Բորդյուժան նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորմանը ՀԱՊԿ-ն, որպես կազմակերպություն, չի խառնվում:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են զարգանում իրադարձություններն այնտեղ, բայց մենք չենք խառնվում եւ կարծում ենք, որ ստեղծված մեխանիզմները բավարար են»,-ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարցին, թե ինչպես կվարվեն ՀԱՊԿ անդամ երկրները, եթե ռազմական հակամարտություն ծագի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Բորդյուժան պատասխանել է. «Իսկ եթե պատերազմ, իսկ եթե արշավ: Երբ լինի «եթե»-ն, այդ ժամանակ էլ կխոսենք»:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/ NEWS.am