Հայաստանում 2012 թ. 9 ամսում արդյունահանվել է 19 մլն տոննա հանքաքար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 մլն տոննայի համեմատ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ներկայացնելով հանքարդյունաբերական ոլորտի հաշվետվությունը: Թեեւ արդյունահանված հանքաքարի ֆիզիկական ծավալների աճը զգալի է՝ մոտ 36%, արժեքային արտահայտությամբ մեծ աճ չկա (մոտ 150 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 136 մլրդ դրամի համեմատ): Բացի այդ՝ արդյունահանված հանքաքարի եւ խտանյութի իրացման ծավալները նվազել են մոտ 10%-ով՝ ընկերությունները սպասում են միջազգային շուկայում գնային իրավիճակի բարելավմանը:
Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ՝ պղնձի գները նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 14%-ով, մոլիբդենինը՝ 26%-ով: Դա, բնականաբար, ազդել է հարկերի վճարման մակարդակի վրա: Այսպես՝ ընդերք օգտագործման ոլորտում մոտ 5.9 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է հավաքվել նախորդ տարվա համեմատ (16.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 22.4 մլրդ դրամի համեմատ):
Բնօգտագործման վճարները 2012 թ. 9 ամսում կազմել են 10.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 7.5 մլրդ դրամի համեմատ: Նախարարի ներկայացամամբ՝ տարվա վերջում ընդերքօգտագործումից վճարները կաճեն եւ նախորդ տարվա ծավալները կգերազանցեն 4%-ով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ հանքարդյունաբերական ոլորտն ամենահեռանկարայինն է պոտենցիալի առումով, սակայն վճարված հարկերի ծավալում գերակշռում է ավելացված արժեքի հարկը՝ կշիռը մոտ 74% է: «Պետք է ավելացնել ուղղակի հարկերի տեսակարար կշիռը, ինչո՞ւ կազմակերպությունների մի մասը վնաս է ցույց տալիս կամ օբյեկտիվ պատճառներով վնասով է աշխատում»,- ասաց Ա. Ալավերդյանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պատասխանեց, որ իրականում ավելացված արժեքի հարկի ծավալները նվազել են: Դա պայմանավորված է նրանով, որ հանքարդյունաբերողները ձգտում են ավելի շատ պղինձ արտադրել, քան մոլիբդեն, որի գնանկումն ավելի զգալի է: Պղնձի հանքաքարը ուղղակի արտահանվում է Հայաստանից, իսկ մոլիբդենն անցնում է վերամշակման փուլ: Արդյունքում՝ ավելացված արժեքի հարկի վճարումները նվազում են, քանի որ արտահանողներն ազատված են ավելացված արժեքի հարկից:





























