Ողջամիտ չէ Հայաստանի ներքաղաքական օրակարգը ծանրաբեռնել ոչ հրատապ հարցերով, որոնք ելնում են այս կամ այն կուսակցության նեղ շահերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի` քաղաքական խորհրդատվությունների մասին նախաձեռնությունը:
Թեեւ նա տեղյակ չէ, կառավարող կուսակցությունն ընդունել է քաղաքական խորհրդակցությունների մասնակցությունը, թե ոչ, Աշոտյանն այդուհանդերձ անձնական կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն չի աջակցի նախաձեռնությունը. «Հայաստանի քաղաքական օրակարգում ավելի լուծում պահանջող հրատապ հարցեր կան: Անձամբ ես չեմ ողջունում այդ խորհրդակցությունները»:
Ի պատասխան հարցի` հնարավոր համարում է ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը, Աշոտյանը նշեց, որ եթե հաշվի առնվի խորհրդարանում ընդդիմության ներկայացվածության ձեւաչափը` ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ապա որքան իրեն հայտնի է, այդ ուժերի միջեւ համապատասխան հարաբերություններ չկան. «Հետեւաբար, համապատասխան հարաբերություններ այդ ուժերը փորձում են կառուցել ԲՀԿ-ի միջոցով, իսկ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Ինչ վերաբերում է քաղաքական գործունեության համակարգմանը, ապա ելնելով խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբի արդյունավետ գործունեությունից, կարելի է ասել, որ անգամ ընդհանուր մրցակից ունենալու դեպքում նման դասավորություն չի լինի: Խնդիրն այն է, որ այդ ուժերի ներսում հակասություն կա»:




























