Ստամբուլում հայ գաստարբայտերների երեխաների համար նախատեսված դպրոցը աջակցվում է  Հայաստանի կողմից: Ինչպես NEWS.am-ին ասաց Հայաստանի ԿԳ նախարարության սփյուռքի հետ կապերի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը, դպրոցում ուսուցումն իրականացվում է բավականին բարձր մակարդակով` չնայած որ պարապմունքներն անցկացնում են կամավոր ուսուցիչները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հրապարակել էր իտալական «Osservatorio Balcani e Caucaso» պարբերականի հոդվածը` Թուրքիայում հայ անօրինական միգրանտների եւ նրանց երեխաների կրթության խնդրի մասին:

Հայկական Սբ Հովհաննես եկեղեցում գործող դպրոցի դասարանների թիվը մի քանի տարվա ընթացքում 4 –ից հասել է 6-ի: Հետագա ընդլայնումը, ըստ Զալինյանի, կախված է դպրոցի հնարավորություններից: «Լինում են դեպքեր, երբ երեխաները վերադառնում են Հայաստան: Նման դեպքերում մենք փորձում ենք չընդհատել ուսումնական գործընթացը, եւ երեխաներն ուսումը շարունակում են հաջորդ դասարանից: Կան նաեւ դեպքեր, երբ նրանց մեկ դասարան ցածր են նստեցնում: Սակայն ընդհանուր առմամբ կրթության որակը կարելի է նորմալ համարել»,-ավելացրեց Զալինյանը:

Հարցին, թե արդյոք դպրոցն օգնում է  երեխաներին հարմարվել նոր երկրին, նա ասաց, որ երեխաններն առանց այդ էլ ազատ տիրապետում են թուրքերենին, նրանցից շատերն այնտեղ են ծնվել: «Այդ դպրոցի նպատակը երեխաների ազգային եւ լեզվական ինքնությունը պահպանելն է»,-նշեց  Զալինյանը: