Հորդանանում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարար է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի գիշերը՝ թագավորության հյուսիսում գտնվող Իրբիդ նահանգում: 

Զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա: Ոստիկաններն ստիպված են եղել հրազեն կիրառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Իրբիդում բախումների հետեւանքով տուժել են տասնյակ ցուցարարներ եւ ոստիկաններ:  Մի քանիսը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում:

Հորդանանում արդեն 3-րդ օրն է չեն հանդարտվում ժողովրդական հուզումները, որոնց պատճառը  վառելիքի սուբսիդիաները վերացնելու որոշումն է: Դրանով Հորդանանի ղեկավարությունը հուսով է  նվազեցնել թագավորության 2012թ. բյուջեի պակասուրդը, որը կազմում է 5 միլիարդ դոլար: Հորդանանի վարչապետը պետական հեռուստաալիքի հետ հարցազրույցում երկրի տնտեսական եւ սոցիալական վիճակը որակել է որպես «ծայրահեղ վտանգավոր»: