Հայաստանի ներկա խնդիրները կառավարման ձեւից չեն բխում, խնդիրն այն է, որ կառավարման ցանկացած ձեւի դեպքում Սահմանադրության մեծագույն կրողը՝ ժողովուրդը, մեկուսացած է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով մի շարք ուժերի միջեւ քաղաքական խորհրդակցությունների գործընթացը:
Ըստ Փաշինյանի՝ առաջին հերթին ժողովուրդը պետք է կառավարման սանձերն իր ձեռքն առնի։
Ինչ վերաբերում է քաղաքական խորհրդակցություններին, որոնք կազմակերպել են ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունները, ապա, ըստ Փաշինյանի, խորհրդարանական կառավարման թեմայով քննարկումներ վաղուց են տարվում:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, փաստեր չկան, որ խնդիրները ծագում են կառավարման մոդելից: Եթե շատերն են ոգեւորված կառավարման խորհրդարանական համակարգից, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ Ադոլֆ Հիտլերն այդ համակարգի ծնունդ էր: Եթե նայենք տարածաշրջանային գործընթացներին, ապա հարեւան Վրաստանն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, Թուրքիայում փորձում են անցնել նախագահական համակարգի: Այսինքն, այժմ պետք է խոսել բոլորովին այլ երեւույթների մասին՝ Երեւանում մարտի 1-ի ողբերգական դեպքերի, դրանց բացահայտման եւ մեղավորների պատժման մասին»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը նաեւ կարծիք է հայտնել, որ 1998 թ. սկսած Հայաստանում մի գործընթաց է տեղի ունենում, որի վերջնական նպատակը քաղաքական կյանքից ժողովրդին, իբրեւ գործոն, դուրս մղելն է:





























