Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննում է երկրի ՆԳ նախկին փոխնախարար Շոթա Խիզանիշվիլիին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, հաղորդել է Հանրային հեռարձակողի առաջին ալիքը:

Նախնական տվյալներով, որպես վկա Խիզանիշվիլիի հարցաքննությունը տեղի է ունենում Վրաստանի գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտի կողմից քննվող գործի շրջանակներում: Գործը հարուցվել է ՆԳՆ առանձին աշխատակիցների նկատմամբ, հաղորդում է հեռուստաալիքը:

Հարցաքննությանը ներկա է Խիզանիշվիլիի պաշտպան Մամուկա Չաբաշվիլին:

«Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով դատախազության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտը հարցաքննում է նաեւ ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Վաժա Լիլուաշվիլիին:

«Լիլուաշվիլին եւ Խիզանիշվիլին հարցաքննվում են որպես վկա»,-ասել են մամուլի ծառայությունում: