Ամերիկացիներ Էնդի եւ Նայել Էշքարները (ծագումով պաղեստինցի եղբայրներ) կալանավորվել են հետաքննության արդյունքում, որը տեղի է ունեցել, երբ նրանք 2006 թվականին դիմել են վիճակախաղի կազմակերպիչներին՝ 5 մլն դոլար շահումն ստանալու համար:

Այն, որ եղբայրները շահումն ստանալու համար դիմել են ժամկետը լրանալուց 11 օր առաջ եւ կազմակերպիչներին խնդրել են աղմուկ չբարձրացնել իրենց շահելու մասին, կասկած է առաջացրել ոստիկանների մոտ:

Երբ լրատվամիջոցները ներկայացրել են Էշքան եղբայրների հետաքրքիր պատմությունը, Նյու Յորքի նահանգի Սիրաքյուս քաղաքում սկսել են լուրեր շրջել հաջողակ տոմսի իրական տիրոջ մասին:

Գնալով այս խոսակցությունների հետքերով, դետեկտիվները վերականգնել են դեպքերի իրական զարգացման պատկերը եւ համոզվել, որ հաջողակ տոմսի իրական տերը տեղի աղքատ այգեգործ Ջոն Օ’ Բրայանն է:

Նա պատմել է, որ երբ խանութում ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը եւ տեսել, որ 5 մլն դոլար է շահել, չի հավատացել իր աչքերին: Էնդի Էշքարը, ով այդ պահին եղել է խանութում, համոզել է նրան, որ շահումն ընդամենը 5 հազար դոլար է եւ առաջարկել կանխիկ 4 հազար դոլար՝ տոմսի դիմաց: «Դա պետք է որ ձեռնտու գործարք լիներ, քանի որ եթե ես օրենքով ստանայի այդ գումարը, ես ստիպված էի լինելու բարձր հարկեր վճարել: բայց դեռ այն ժամանակ ես զգում էի, որ ինչ-որ բան այն չէ»,-հիշում է O’Բրայանը, հաղորդում է NEWSru.com-ը:

Եղբայրներին մեղադրել են խոշոր գումար հափշտակելու եւ հանցավոր պայմանավորվածության մեջ: Ընդհանուր առմամբ Էնդի Էշքարին սպառնում է 25 տարվա ազատազրկում: