Ռուս-ղազախական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի «Բայկոնուր» համալիրի հարցով ենթահանձնաժողովը քննարկում է Բայկոնուրը ռուսական վարձակալությունից դուրս բերելու հնարավորությունը:
Բայկոնուրի աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Ղազախստանի վարչապետ Սերիկ Ահմեդովի այցը Բայկոնուր «կարող է կապված լինել նրա հետ, որ խնդիրն ուսումնասիրել են աշխատանքային խմբերում եւ հիմա անհրաժեշտ է որոշում կայացնել բարձր մակարդակներում»: Նա հստակեցրել է, որ Բայկոնուրը ռուսական վարձակալությունից դուրս բերելու հարցը պնդում է ղազախական կողմը: Միաժամանակ, աղբյուրը նշել է, որ տիեզերակայանի աշխատակիցները զգուշորեն են վերաբերում նման հեռանկարին:
Հրթիռա տիեզերական ոլորտի աղբյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ Ռուսաստանը վարձակալում է Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» տիեզերակայանն իր բոլոր ենթակառուցվածքներով եւ անհնար է «Բայկոնուրը» դուրս բերել ռուսական վարձակալությունից, քանի որ ըստ պայմանավորվածության վարձակալությունը պետք է տեւի մինչեւ 2050 թվականը:
Ներկայումս Ռուսաստանն իր պետական եւ առեւտրային տիեզերական թռիչքների մեծ մասն իրականացնում է հենց Բայկոնուրից, որի համար տարեկան 115 մլն դոլար վարձավճար է փոխանցում Ղազախստանին: Եւս 50 մլն դոլար Ռուսաստանը ծախսում է տիեզերակայանի օբյեկտների պահպանման համար:




























