Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 15-ին հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ հազարավոր կիլոմետրեր են ընկած, սակայն Հայաստանը եւ Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը եւ նվիրվածությունը համամարդկային արժեքներին:
«Հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներ է տածում Ուրուգվայի հանդեպ, որն 1965թ-ին առաջինը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այսօր էլ Դուք օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից եք, որն այցելում է Արցախ։ Մենք հատկապես ողջունում ենք Ձեր այդ քայլը, որն առանձնահատուկ գնահատականի է արժանի», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ շեշտեց, որ Ուրուգվայը մեծապես գնահատում եւ կարեւորում է բարեկամությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Նա նշեց, որ հայերը իրենց մշակույթով, աշխատանքով եւ ձեռքբերումներով կարեւոր ներդրում են ունեցել Ուրուգվայի զարգացման գործում:
«Մենք փոքր երկիր ենք եւ պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքները։ Ուրուգվայը կանի ամեն ինչ, որ պահպանի միջազգային խաղաղությունը եւ առաջ մղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», – ընդգծեց Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը։
Զրուցակիցներն անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում հատկապես կարեւորվեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական կապերի խորացումը:
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։





























