Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր հերթին, Խորխե Օռիկոն նշել է, որ իր երկրի համար Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում ունի ռազմավարական նշանակություն եւ կարող է կապող օղակ հանդիսանալ այս տարածաշրջանի պետությունների հետ: «Բացի այդ, մեզ միավորում է անցյալը, ներկան եւ ապագան: Ուրուգվայի հայ համայնքը մեր երկրի համար ունի խիստ կարեւոր նշանակություն, մեծ է նրա ներդրումը մեր պետության զարգացման գործում»,- նշել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը:

Զրուցակիցները կարեւորել են ոչ միայն երկկողմ քաղաքական, մշակութային ոլորտներում համագործակցությունը, այլեւ տնտեսական կապերի հաստատումը: Վարչապետը նշել է, որ պետք է ջանքեր գործադրվեն՝ բացահայտելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ուղղությունները՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկեգործության, ադամանդագործության, դեղագործության եւ զբոսաշրջության բնագավառներում: Վարչապետը հանձնարարել է երկու երկրների գործարարների միջեւ կազմակերպել հանդիպումներ՝ նոր կապերի հաստատմանը նպաստելու համար: