ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն այսօր՝ նոյեմբերի 15-ի երեկոյան, եռօրյա այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Գորդոնը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, նշելով, որ «այցի ընթացքում լրատվամիջոցների հետ զրուցելու շատ առիթներ կլինեն»: Նա միայն ասել է, որ իր այցը լավ հնարավորություն է երկրի նոր կառավարության հետ հանդիպելու համար, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն լրագրողներին հայտնել էր, որ Ֆիլիպ Գորդոնը Վրաստան կժամանի Բիձինա Իվանիշվիլիի ԱՄՆ այցելությունը նախապատրաստելու համար, որը տեղի կունենա նոյեմբերի  վերջին:

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը կտեւի 3 օր, որի ընթացքում նա հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: