Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 15-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանի գնահատմանը ներկայացրեց պալատի 2013 թ. գործունեության տարեկան ծրագիրը: Ընթացիկ տարում ուսումնասիրելով տարբեր ոլորտներ եւ 154 հաշվետվություններ՝ Վերահսկիչ պալատը գնահատել է խոցելի բնագավառները, կոռուպցիայի ու չարաշահումների պատճառները եւ դրանք էլ հիմնականում դարձրել 2013 թ.-ի ուսումնասիրության առարկա: ՎՊ-ն առանձնացրել է ուսումնասիրության 17 ուղղություն, ծրագրի թիրախը, ըստ իշխան Զաքարյանի, գնումների համակարգն է ու քաղաքաշինության ոլորտը: Վերլուծությունը մասնագետներին բերել է համոզման, որ հենց այս երկու ոլորտներում են հիմնականում փոշիանում բյուջետային միջոցները, կատարվում անարդյունավետ ծախսեր:
ՎՊ նախագահը նշեց, որ թեեւ թվային արտահայտությամբ ոլորտները նվազել են, բայց առավել ընդգրկուն են դարձել եւ խորությամբ են ուսումնասիրվելու: Ծրագրով նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել մի շարք նախարարություններում, ինչպես նաեւ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերում: 2013 թ. ծրագրում կրկին ընդգրկված է կենսաթոշակների եւ նպաստների համակարգը՝ որպես շարունակական գործընթաց: Նախատեսվում է ուսումնասիրել բնապահպանության բնագավառը, այդ թվում նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Առաջին անգամ ՎՊ նախագահը ծրագիրն առանձին քննարկել է խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, լսել նրանց առաջարկներն ու դիտողությունները: Իշխան Զաքարյանի խոսքերով՝ իրենք բաց եւ թափանցիկ գործելաոճ են որդեգրել, խորհրդարանի հետ առավել սերտորեն են համագործակցելու՝ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավորի պալատի խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն տալով:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան թե նոր ոլորտներ վերահսկելու խնդրին, թե ստուգող-վերահսկող կառույցների գործառույթների հստակեցմանը, թե պալատին նոր լիազորություններ տալու անհրաժեշտությանը:
Հարակից զեկույցով գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը ծրագրի վերաբերյալ: Նա ողջունեց խորհրդարանի հետ համագործակցությունն ուժեղացնելու Վերահսկիչ պալատի նախաձեռնությունը: Միաժամանակ նկատեց, որ ուսումնասիության թեմաները բազմաթիվ են, պետք է ընտրել նրանք, որտեղ խնդիրներն առավել համակարգային են: ՎՊ խորհրդի նիստերին պատգամավորների մասնակցությունը, բանախոսի համոզմամբ, օգտակար կլինի չարաշահումները բացառելու նպատակով օրենսդրական շտկումներ կատարելու գործում:





























