ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) սեփական հետաքննությունն է սկսել ԿՀՎ նախկին տնօրեն Դեւիդ Պետրեուսի գործով։ Այդ մասին հայտնել է ԿՀՎ մամուլի քարտուղար Փրեսթոն Գոլսոնը։

Հիշեցնենք, որ Պետրեուսը հեռացել էր պաշտոնից իր կենսագիր Փոլա Բրոդուելի հետ արտաամուսնական կապ ունենալու պատճառով։

Պետրեուսի գործունեությունը կհետաքննի ԿՀՎ գլխավոր տեսուչը։ Որեւէ հատուկ արդյունք գտնելու նպատակ չի դրվել, մանրամասնում է Associated Press-ը։

Այդ ընթացքում Դեւիդ Պետրեուսը սկանդալից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել։ HLN հեռուստաալիքին նա ասել է, որ սիրուհու հետ գաղտնի տեղեկությունների մասին երբեւէ չի խոսել, հաղորդում է ՌԲԿ-ն։

Սակայն ԱՄՆ ՀԴԲ-ն Բրոդուելի տան համակարգչում ինչ-որ գաղտնի նյութեր է գտել։ Այնուհետեւ հայտնի է դարձել, որ այդ տվյալներն արդեն հնացել են։ Բացի այդ, նյութերը կնոջ մոտ են հայտնվել  ոչ ԿՀՎ-ից։

Դեւիդ Պետրեուսն ընդգծել է, որ ԿՀՎ տնօրենի պաշտոնից հեռանալու որոշումն ընդունել է բացառապես արտաամուսնական հարաբերությունների պատճառով, այլ ոչ թե Լիբիայի Բենգազի քաղաքում սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպից հետո ԿՀՎ-ի դեմ քննադատության պատճառով։

Հիշեցնենք, որ Դեւիդ Պետրեուսը ԿՀՎ-ն գլխավորել է 2011թ. սեպտեմբերին։ Դրանից առաջ նա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատարն էր, իսկ ավելի վաղ ղեկավարել է ամերիկյան ռազմական գործողությունն Իրաքում։ Անցած շաբաթ նա հրաժարական տվեց արտաամուսնական կապի պատճառաբանությամբ։