Պաղեստինում զոհերի թիվը հասնում է 20-ի: Չնայած բռնության դադարեցման միջազգային հանրության կոչերին` հակամարտող կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները: Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ առաջիկա ժամերին Պաղեստինում իսրայելական զորքերի ցամաքային գործողության մասին հրաման կտրվի:

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն այս գիշեր Գազայի հատվածում ավելի քան 70 հարված են հասցրել: Իսրայելը դա արել է այն բանից հետո, երբ  Գազայի տարածքից բաց թողած միջին հեռահարության հրթիռներից մեկը պայթել է Թել Ավիվի հարավային մասում, հաղորդում է «Առաջին ալիքը»: Թել Ավիվը վերջին 20 տարում առաջին անգամ է հրթիռակոծվում: 

Իսրայելում հայտարարվել է 300 000 պահեստայինների հավաքագրում: Ըստ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հրամանի` Գազայի սահման են տեղափոխվել դեսանտային ստորաբաժանումները եւ Գիլատի վերնախավային բրիգադը, որի ջոկատները Գազայում 2000-2005 թթ. ռազմական գոծողություններ վարելու փորձ ունեն։

«Թել Ավիվի վրա հարձակումները հանգեցնում են հակամարտության սրացման, եւ դրա պատասխանատուները պետք է պատժվեն», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: Գրեթե նույնպիսի բառեր, սակայն Իսրայելի հասցեին, ասում է Պաղեստինի վարչապետը. «Մենք չենք ների մեր առաջնորդների արյան համար: Վրեժը չի ուշանա» - հայտարարել է Իսմայել Հանիան:

Խիստ հայտարարություն է հնչեցրել նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որը միավորում է 57 պետություն: Այնտեղ իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումն անվանվել է «հարձակում բոլոր մահմեդականների վրա»:

Միաժամանակ, «Ռոսբալտը» հայտնում է, որ ԱՄՆ-ն դիմել է Թուրքիային, Եգիպտոսին եւ «ՀԱՄԱՍ»  շարժման վրա ազդեցություն ունեցող մի շարք այլ  պետությունների՝ խնդրելով հասնել Իսրայելի տարածքում հրթիռային  հրաձգությունների դադարեցման: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի ազգային անվտանգության գծով տեղակալ Բեն Ռոդսը: Ընդ որում` նա չի բացառել Գազայի հատվածում իսրայելական ցամաքային զինված ուժերի  հնարավոր գործողությունները: