Վրաստանում ձերբակալվել են Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետ, Վրաստանի ՆԳՆ նախկին փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին եւ ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Վաժա Լիլուաշվիլին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին նրանք հարցաքննվել են գլխավոր դատախազությունում։
Խիզանիշվիլիի փաստաբան Մամուկա Չաբաշվիլին հայտնել է, որ Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետը ձերբակալվել է ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով (Քրեական օրենսգրքի 333 հոդված)։ Նա մեղադրանքը չի ընդունել։ Սկզբում նրան հարցաքննել են վկայի կարգավիճակում, այնուհետեւ ձերբակալել են, հաղորդում է newsgeorgia.ru-ն։
Վաժա Լիլուաշվիլին Գլխավոր դատախազությունում հարցաքննվելուց հետո ձերբակալվել է անձնական նամակագրության, հեռախոսազրույցների եւ այլ հաղորդագրությունների գաղտնիությունը խախտելու մեղադրանքով, հաղորդում է «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը։
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նույն գործով Գլխավոր դատախազությունում հարցաքննվել են ՆԳՆ տեխնիկական-օպերատիվ դեպարտամենտի նախկին պետ Զուրաբ Քոթարիան եւ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի քննչական բաժնի ղեկավար Դավիդ Լագաձեն։





























