Երեկ կայացավ «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«ԲՀԿ-ն հերթական կուսակցությանը հյուրընկալվելով՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին իր առաջարկը ներկայացրեց, որը մեզանում տարիներ շարունակ ծեծված թեմա է, իսկ որոշ կուսակցություններին համար ծրագրային դրույթ։ Փաստորեն, այն ժամանակ, երբ Հանրապետական կուսակցությունը մերժում ու սխալ է համարում ԲՀԿ-ի առաջարկը, կոալիցիոն մյուս կուսակցությունը՝ ՕԵԿ-ը, շտապում է վերջինիս հետ երկխոսության մեջ մտնել։ Թե ՕԵԿ-ի նման քայլը չի՞ պարունակում դավաճանության էլեմենտ կոալիցիայի հանդեպ, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից.
«Իհարկե, ոչ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործելաոճը, առավել եւս, կարծում եմ, այնտեղ բանակցելու կամ որեւէ այլ խնդիր չկա։ ՕԵԿ-ը որպես առանձին քաղաքական միավոր իր քայլերի եւ հաջորդականությունը, եւ ձեւն ու բովանդակությունն ինքն է որոշում»,- մեջբերում է «Իրավունքը»։




























