Բրիտանական BBC մեդիակորպորացիան համաձայնության է հասել լորդ Ալիսթեր ՄաքԷլփայնի հետ, որին մեղադրել էր մանկապղծության մեջ։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի նախկին խորհրդականը ընկերությունից կստանա 185 հազար ֆունտ ստերլինգ եւ դատական ծախսերի փոխհատուցում։
ՄաքԷլփայնը, մեկնաբանելով BBC-ի որոշումը, գոհունակություն է հայտնել՝ ավելացնելով, թե մտադիր է շարունակել դատավարությունները իրեն վարկաբեկած բոլոր անձանց հետ, հաղորդումէ ՌԲԿ-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբում «Newsnight» հեռուստահաղորդման լրագրողները մեղադրել էին Պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամին մանկապղծության մեջ։ Հետագայում հեռուստաընկերության գլխավոր վկան հրաժարվեց իր ցուցմունքից եւ ծառայությունը ստիպված եղավ ներողություն խնդրել լորդից։ Աղմկոտ սկանդալից հետո BBC-ի ղեկավարությունում տեղի ունեցան փոփոխություններ։ BBC-ն հայտարարեց սպասվող մեծ փոփոխությունների մասին։




























