ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել F-22 Raptor հինգերորդ սերնդի նոր կործանիչը:
Ինքնաթիռն ընկել է Ֆլորիդա նահանգի Փենհենդլ մայրուղուն հարակից անտառային զանգվածում: Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել:
Միջադեպի պաճառը չի հաղորդվում։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ զինվորականները մի քանի տարի է փորձում են նման տիպի ինքնաթիռների տեխնիկական խնդիրների լուծումը գտնել։
Երկու տարի առաջ թթվածնային համակարգի խնդիրները մահացու ելքով պատահարի պատճառ էին դարձել։ 2010թ. նոյեմբերին F-22 Raptor-ը վարժանքային թռիչքի ժամանակ ընկել էր Ալյասկայում՝ Անկորիջից 150 կմ հեռավորության վրա։ 2004թ. դեկտեմբերին F-22-ն ընկել էր Հարավային Կարոլինայի Նելիս կայանից թռչելու պահին։ 2009թ. մարտին «Էդվարդս» ավիակայանի մոտ գտնվող անապատում փորձնական թռիչքի ժամանակ եւս մեկ Raptor էր ընկել, օդաչուն զոհվել էր, գրում է utro.ru-ն։
F-22 Raptor-ն աշխարհում հինգերորդ սերնդի միակ կործանիչն է, որն ընդգրկվել է սպառազինությունում։ Այն կառուցված է «սթելս» տեխնոլոգիայով, ինչը նրան հնարավորություն է տալիս ռադարներից աննկատ մնալ։ Կործանիչի արժեքը 190 մլն դոլար է, այդ պատճառով Պենտագոնը 2009թ. որոշել էր հրաժարվել F-22-ից՝ այն ավելի էժան, բայց ոչ այնքան կատարելագործված F-35 Joint Strike Fighter-ով փոխարինելով։




























