Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման կասկածյալ Բաշիր Գոլին մահացել է տեւական հացադուլի հետեւանքով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ 57-օրյա հացադուլից հետո նոյեմբերի 13-ին նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նոյեմբերի 15-ին մահացել է սրտի կանգից։ 23-ամյա Գոլին վեց ամսական երեխայի հայր էր, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Զոհված երիտասարդին կասկածում էին սեպտեմբերին ամերիկյան դեսպանատան վրա հարձակմանը մասնակցելու մեջ։
«Նա անմեղ էր, եւ պաշտպանվելու համար հացադուլ էր հայտարարել», - նշել է փաստաբանը։ Երկրորդ կասկածյալը՝ 28-ամյա Մուհամեդ Բախտին, եւս հացադուլ էր հայտարարել, այժմ նրա վիճակը ծանր է։
Հիշեցնենք, ծայրահեղ պահպանողական հարյուրավոր սալաֆի մահմեդականներ սեպտեմբերի 14-ին հարձակվել էին ամերիկյան դեսպանատան եւ դպրոցի վրա՝ բողոքելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ։ Այն ժամանակ չորս մարդ զոհվել էր, մի քանի տասնյակը վիրավորվել։




























