Էկվադորի իշխանություններն սկսել են պայքարել Գալապագոսյան կղզիախմբում բազմացած միլիոնավոր առնետների դեմ: Երկու կղզիներում ուղղաթիռից 22 տոննա թույն կնետվի:
17-րդ դարում ծովահենական եւ կետորսական նավերով կղզիներ բերված սեւ եւ նորվեգական ագրեսիվ առնետները տարեցտարի բազմանում եւ սպառնում են կղզիախմբի ինքնատիպ ֆաունային, գրում է The Guardian-ը: Այժմ Պենիսոն եւ Պլասա Սուր անմարդաբնակ կղզիներում 180 միլիոնից ավելի առնետներ են բնակվում:
Կրծողներն ուտում են վիթխարի կրիաների, մողեսների, օձերի, բազեների ձվերը, ոչնչացնում բույսերը, որոնցով սնվում են գալապագոսյան կենդանիները:
Վնասատուների դեմ պայքարի հատուկ ծրագիր է մշակվել, որի ընթացիկ փուլը՝ Պենիսոն եւ Պլասա Սուր կղզիներում առնետների թունավորումը, գնահատվում է 1,8 մլն դոլար: Թույնը պատրաստվել է ԱՄՆ-ում, այն հրապուրում է առնետներին, բայց վանում է մյուս կենդանիներին: Հատուկ բաղադրության շնրոհիվ, առնետների մնացորդներն արագ կչորանան եւ ութ օրվա ընթացքում կքայքայվեն:
Գալապագոսյան կղզիները 1978թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ են: 2007-ին կազմակերպությունը հայտարարել էր, որ կղզիախմբի բնությունը վտանգված է օտար կենդանատեսակների, ինչպես եւ զբոսաշրջության եւ ներգաղթի պատճառով:





























