Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է ՆԳՆ նախկին 12 աշխատակիցների ձերբակալման լուրը: Գերատեսչության հաղորդագրությունում ասված է, որ քննությունն ընթանում է տարաբնույթ հանցանքների փաստով:
Ձերբակալվածների մեծամասնությունը ՆԳՆ Սահմանադրական անվտանգության բաժնի աշխատակիցներ են, այդ թվում՝ բաժնի պետ Լեւան Քարդավան, նրա տեղակալներ Զաալ Մայսուրաձեն, Վաժա Լելուաշվիլին եւ Վախթանգ Բոչորիշվիլին, վարչությունների պետեր Գեորգի Քավլաշվիլին եւ Էրմալոզ Էբանոիձեն, նրանց տեղակալներ Վասիլ Ջամալաշվիլին, Ավթանդիլ Սողոմոնաշվիլին, Գեորգի Ջավախաձեն եւ Ալեքսանդր Բորցվաձեն:
Ձերբակալվել են նաեւ ՆԳ նախկին փոխնախարար, Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետ Շոթա Խիզանիշվիլին եւ Վրաստանի ՆԳՆ օպերատիվ-տեխնիկական բաժնի պետի տեղակալ Բեքա Կվարացխելիան, գրում է «Նովոստի Գռուզիան»:
ՆԳՆ նախկին պաշտոնյաների ձերբակալությունը խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրորդ աղմկահարույց գործն է: Ավելի վաղ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ էին ձերբակալվել՝ ԶՈՒ Միավորված շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն, ԶՈՒ հետեւակային 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, որոնց պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեղադրանք էր ներկայացվել, Ախալայային՝ նաեւ ապօրինի ազատազրկման եւ կտտանքների ենթարկելու:





























