Շվեդիայի ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել՝ թմրանյութերի ապօրինի պահման եւ վաճառքի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում կազմակերպված հանցավոր խմբի հետ կապ ունենալու կասկածանքով:
Արեւմտյան Շվեդիայի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ կասկածյալների բնակարանների խուզարկության արդյունքում ոստիկանությունը երկու միավոր զենք, անձնագրեր, անձը եւ գույքի իրավունքը հաստատող փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք, ենթադրվում է, գողացված են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բնակելի համալիրի երեք բնակարաններում որոշ անձանց էինք որոնում, որոնք, մեր տվյալներով, կապեր ունեն Ռուսաստանի եւ Վրաստանի քրեական ցանցի հետ», - «Շվեդիայի ռադիոյին» բացատրել են տեղի ոստիկանությունում:
Ձերբակալվածներից մեկը կողոպուտի, երկուսը՝ դրա նախապատրաստման, երեքը՝ թմրանյութերի հետ կապված մանր խախտումների մեջ են մեղադրվում:



























