Կոլորադոյի մի բնակիչ FOX հեռուստաընկերության խմբագրությանն է տրամդրել 31 տեսագրություններ, որոնցում դենվերյան արեւային պարզ օրվա համայնապատկերն է պատկերված, բայց դանդաղեցված դիտելու դեպքում նկատվում է ինչ-որ թռչող օբյեկտ, որը անկանոն, բայց արագ տեղաշարժվում է երկնքում, հետո անհետանում տեսադաշտից: 

Հրավիրված փորձագետը չի կարողացել նույնականացնել օբյեկտը, միայն նշել է, որ ոչ ինքնաթիռ է, ոչ ուղղաթիռ, ոչ էլ ձեռակերտ այլ թռչող սարք: Նա ենթադրել է, որ միգուցե քամու քշած ինչ-որ բեկոր է:

Այնինչ, տեսանյութերի հեղինակը պնդել է, որ նման տեսարանի ականատեսն է լինում շաբաթական նվազագույնը 2 անգամ՝ ցերեկը ժամը 12-ից 1-ն ընկած ժամանակահատվածում: Լրագրողները հավաստիանալու համար, այդ ժամին ուղեւորվել են նշված վայր եւ նկարահանել: Արդյունքը շշմեցուցիչ էր. տեսագրությունում կրկին նույն ՉԹՕ-ն է երեւացել:

Քաղաքացիական եւ ռազմական ավիակարգավարական ծառայություններում նշել են, որ ոչ մի ՉԹՕ էլ չեն տեսել, գրում է NEWSru.com-ը:

Արդեն երկու օր է՝ բլոգոսֆերայում ակտիվ քննարկվում է տեսանյութը: Կարծիք կա, որ ռազմական նոր անօդաչու թռչող սարք է, որը փորձնական թռիչքներ  է իրականացնում: Իսկ ՉԹՕ փորձագետ Ռոբերտ Շիֆերը ծաղրել է լրագրողների դյուրահավատությունը՝ պնդելով, որ տեսանյութում նշմարված օբյեկտն ընդամենը կադրում հայտնված միջատ է: