Քանի որ Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվում է ներկայացնել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը, ԱԺ կանոնակարգի 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Ժառանգություն» խմբակցությունը Գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Զարուհի Փոստանջյանին։
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Մենք այնպես չէ, որ հետ ենք կանչում Ալեքսանդր Արզումանյանին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, այլ առաջարկում ենք այն մարդկանց, ովքեր ներկայացնում են «Ժառանգություն» խմբակցության շահերը։ Դ՝Օնդտի բանաձեւով, խմբակցությունը կարող է ունենալ մշտական հանձնաժողովների մեկական նախագահ եւ փոխնախագահ», - նշեց Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով, Փոստանջյանը Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եւ հայտնի է իր ակտիվությամբ բնապահպանության ոլորտում։ Այդ պատճառով նրա առաջադրումն բնական է։




























