Եթե ՀՀԿ խմբակցությունը չմասնակցի խորհրդարանի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստին, ապա կխայտառակի իրեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է խորհրդարանական ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Մենք եւ իշխանությունների ներկայացուցիչները մեկ պետություն ունենք, որի մասին պետք է հոգ տանենք: Հանրապետականների շրջանում էլ կան մարդիկ, ովքեր անհանգստանում են երկրի համար», - ասել է Բագրատյանը:
Նշենք, ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հստակ պատասխան չի տվել՝ իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է արտահերթ նիստին, թե՞ ոչ, միաժամանակ լրագրողներից հետաքրքրվել է, թե երբ է այն նշանակված:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմությունը անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն արդեն հավաքվել է 45-ը եւ արտահերթ նիստ է հրավիրում:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, բանակցելով չորս խմբակցությունների (ԲՀԿ, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ») հետ, որոշել է նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին, արտահերթ նիստ հրավիրել: Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, Բնակության պետական ռեգիստրում եւ Քրեական օրենսգրքում:
Նշենք, ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել են ՀՅԴ, ԲՀԿ խմբակցությունների անդամները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























