Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանին թուրքական Milliyet-ի հետ հարցազրույցում հետաքրքիր մանրամասներ է պատմել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քրդական հարցի քննարկման հետ կապված։
Հարցազրույցում Իրաքի նախագահը նշել է, թե նախորդ տարի ՄԱԿ-ի խորհրդի նիստի ժամանակ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Նրան ասացի, որ PKK-ի ներկայացուցիչները (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ինձ մոտ էին եկել։ Ասացին, որ պատրաստ են զենքը վայր դնել, սակայն 2 պայման առաջադրեցին՝ համընդհանուր ներում եւ քաղաքացիության նշումների մեջ «թուրք» բառի հանում։
Էրդողանը պնդեց, թե համընդհանուր ներումը հեշտ չի, հասարակությունը դրան պատրաստ չի՝ շեշտելով, թե ինքը ազգայնական չէ, մահմեդական է եւ բոլորն իր եղբայրներն են։ Ես էլ այդ ժամանակ նրան Մուհամեդ մարգարեի օրինակը բերեցի, երբ Մեքքան նվաճելու ժամանակ նա ինչպես բոլորին ազատ արձակեց։ Էրդողանին ասացի, եթե համընդհանուր ներում չլինի, քուրդ զինյալները լեռներից որ իջնեն, ո՞ւր գնալու, բա՞նտ։ Ասացի, որ դա անհնարին է»,-նշել է Իրաքի նախագահը։
Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանին, շեշտելով, որ թուրք-քրդական երկխոսությունը կիրականանա միայն Աբդուլլահ Օջալանի միջոցով, ներկայացրել է քրդական հարցի կարգավորման հետեւյալ ճանապարհային քարտեզը,
1. Օջալանին բանտային պայմանները բարելավում են, որին հետեւում է տնային կալանքը եւ ներումը
2. Իրական զինադադար
3. PKK-ի զինյալները դուրս են գալիս Թուրքիայի սահմաններից
4. Նոր քաղաքացիության ճանաչում
5. Համընդհանուր ներում




























