Վրաստանի ՆԳՆ նախկին 12 աշխատակիցները ձերբակալվել են քաղաքացիների համակարգիչները հասանելի դարձնող եւ տեսագրելու ու ձայնագրելու հնարավորություն ընձեռող համակարգչային վիրուս ստեղծելու եւ կիրառելու համար: Այդ մասին նոյեմբերի 16-ի արտակարգ ճեպազրույցի ընթացում հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին՝ մեկնաբանելով ՆԳՆ աշխատակիցների ձերբակալությունները:

«Այդ վիրուսի օգնությամբ սահմանադրական անվտանգության բաժնի աշխատակիցները տեսաձայնագրություններ են կատարել եւ տեղեկատվություն ստացել քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների համակարգիչներից», - հայտարարել է գլխավոր դատախազը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ըստ Քբիլաշվիլիի՝ քննությունը տեղեկություն ունի, որ այդ վիրուսի օգնությամբ ՆԳՆ-ն լրտեսել է, մասնավորապես, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի եւ «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչների համակարգիչները, այդ թվում՝ գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի: