Եթե տեսնեմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի համար լավ նախագահ է, ի՞նչ կարող եմ՝ կանեմ: Այդ մասին այսօր, նոյեմբերի 16-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է խորհրդարանական ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե կսատարի՞ գործող նախագահին, եթե նա ընդունի ՀԱԿ-ի բոլոր պայմանները՝ բացի հրաժարականից, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
«Ես կգնամ կասեմ՝ ի՞նչ անեմ, ինձ պահակի աշխատանք տվեք, ես ձեզ կօգնեմ: Խոսքը մեր երկրի մասին է: Եթե դադարի արտագաղթը, եթե տեսնեմ, որ նախագահն անհանգստանում է այդ մասին: Իհարկե կսատարեմ, չէ՞ որ այս ամենն ինքնանպատակ չէ, չէ՞ որ այս ամենը ժողովրդի համար է արվում: Ես Սերժ Սարգսյանին խորհուրդ կտայի հետաքրքրվել, կարդալ «2013 թ. բյուջեի մասին» օրինագիծը, նա տեղյակ չէ, նա հետադարձ կապ չունի, եւ չկա մեկը, ով կարող է նրան բացատրել: Նույնիսկ կառավարությունը չի ըմբռնում իրավիճակը: Ինչպե՞ս կարելի է լինել պետության ղեկավար եւ չհասկանալ այդ ամենը: Մի՞թե բյուջեից կարեւոր բան կա», - նշել է Բագրատյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























