Առողջապահության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին Երեւանի Տնտեսագիտական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` վերջին 20 տարում քննարկումներն ընթացել են այն հարցի շուրջ, թե որքանո՞վ ավելացնեն առողջապահության ֆինանսավորումը, ինչը ճիշտ մոտեցում չէ:

«Երկիրը պետք է գտնի ճիշտ կազմակերպչական մոտեցումներ, որի շնորհիվ ավելի փոքր ֆինանսավորմամբ կարելի է հասնել ավելի մեծ արդյունքների: Ես գտնում եմ, որ առողջապահության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել: Առաջին քայլերը կատարել ենք, դա ապահովագրական համակարգի ներդրումն էր` շուրջ 114 հազ. պետական ծառայող հնարավորություն ստացավ առողջությունը ապահովագրել: 2013 թ. 30 հազարով ավելացրեցինք այդ ծառայողների թիվը»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վարչապետը նաեւ նշեց, որ կարեւոր է ճիշտ որոշել առողջապահության պետական ֆինանսավորման ճիշտ սակագինը: Ներկայում տասնյակ միլիարդավոր դրամներ են ուղղվում դեպի առողջապահություն, սակայն պետպատվերի գները 2-3 անգամ զիջում են շուկայականին: Դա, ըստ Տ. Սարգսյանի, կոռուպցիայի հիմքն է: