2002 թ. հետո Հայաստանում նվազել են մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաները: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանական բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը: Հիմնվելով ՀՀ ոստիկանության տվյալների վրա` Ն. Բաղդասարյանն ասաց, որ 2002 թ. ոստիկանությունում հաշվառված էր այդպիսի 111 երեխա, 2009 թ.` 26, 2010 թ.` 20 երեխա: 2011 թ. վերջի տվյալներով նրանց թիվը 11 է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնախնդիրների վարչության պետ Արթուր Կեսոյանի խոսքով` մուրացիկ երեխաների թվի նվազումը հետեւանք է այն բանի, որ նրանց մի մասը տեղափոխվում է մանկատուն եւ դուրս գալիս ոստիկանության հաշվառումից:
Սակայն Ա. Կեսոյանը տեղեկացրեց, որ չափահաս անօթեւանների թիվն անշեղորեն աճել է: Եթե 2006 թ. անօթեւանների կենտրոնը կառուցվեց 30 մարդու հաշվով, ապա այսօր հարմարեցված է 60 մարդու համար: Բացի այդ` Դանիայի կառավարության օժանդակությամբ Վարդաշենում 40-50 հոգու համար կառուցվել է մեկ այլ կացարան: Ընդ որում` ձմռան նախաշեմին անօթեւանների թիվն ավելանում է, անօթեւանների կենտրոնում «հերթ է գոյանում»: Սակայն Ա. Կեսոյանը հերքեց, թե որեւէ անօթեւանի մերժում են կացարանի հարցում: Ներկայում Երեւանի կանգառներում, նրա տեղեկացմամբ, երկու անօթեւան է «բնակվում», որոնցից մեկին օրերս կարողացել են համոզել` տեղափոխվել տուն-ինտերնատ:
Տուն-ինտերնատում անօթեւաններին ապահովում են հագուստով, հիգիենայի պարագաներով, սննդով: Այդ նպատակով բյուջեից տարեկան հատկացվում է 59 միլիոն դրամ: Յուրաքանչյուր անօթեւանի հաշվով պետությունն օրական ծախսում է 3075 դրամ, որից 1340 դրամ` երեքանգամյա սնունդ:





























