Եթե Հանրապետական կուսակցությունն անիմաստ բաների մասնակցելու ցանկություն ունենար, ինքն էլ հենց խորհրդարանի արտահերթ նիստ կնախաձեռներ:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:
«Առջեւում նախագահական ընտրություններն են, հետեւաբար, ընդդիմությունն ակտիվացման փորձեր է կատարում: ՀՀԿ-ն նման խնդիր չունի, իսկ մնացածները փորձում են ինչ-որ խնդիրներ գտնել ու լուծել դրանք: Բյուջեի քննարկման ընթացքում ընդդիմադիրների հայտարարությունները ցնցող էին: Բյուջեն քննարկելու փոխարեն նախագահական ընտրություններին իրենց մասնակցության ձեւի մասին էին մտածում », - նշել է Սահակյանը:
Ըստ նրա՝ ընդդիմության համար կարեւոր չէ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը, մանավանդ որ ընդունվելու դեպքում դրանք կիրառություն կստանան միայն 2017 թ.: «Նրանք պարզապես ցանկանում են հանրությանը ցույց տալ, որ խորհրդարանում կարող են 44 ստորագրություն հավաքել, այդպիսով ապացուցելով, որ կենսունակ ուժ են՝ չնայած որ մենք երբեք էլ հակառակը չենք պնդել»:
Ի պատասխան Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն կխայտառակի իրեն, եթե չմասնակցի խորհրդարանի արտահերթ նիստին, Սահակյանն ասել է. «Խայտառակությունն այն է, որ լուրջ ուղի անցած քաղաքական գործիչը մասնակցում է քաղաքական մանր հնարքների»:
Անդրադառնալով Բագրատյանի մեկ այլ հայտարարությանը, թե երկու շաբաթ անց հստակ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը եւ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀԿ-ում սպասում են դրան, Սահակյանը հեգնանքով նշել է. «Իհարկե, ես սպասում եմ դրան, ամբողջ հայ ազգն ու սփյուռքն է սպասում դրան: Չի կարելի հանրությանը նման լարվածության մեջ պահել: Իսկ ահա ինձ դա բնավ էլ լարվածության մեջ չի պահում»:
Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ եթե ՀՀԿ-ն չմասնակցի արտահերթ նիստին, ապա հանրությունը կտեսնի նրա իսկական դեմքը, Սահակյանն ասել է. «Անտառում ամենից շատ խիզախում է նապաստակը, արդեն մեկ ամիս է նրանք խոսում են, որ տեղի են ունեցել ինչ-որ գործընթացներ, նրանք հաղթել են, իսկ իշխանությունները դողում են, սակայն չեն մտածում, որ ժամանակի ընթացքում իրենց քաղաքական ծրագրերը ձանձրալի են դառնում, ինչը շատ բացասաբար է ազդում երկրի ճակատագրի վրա»:




























